50-ական թվականների սկզբներին արդեն ԽՍՀՄ–ՈՒՄ հիմնադրվել էր կիբեռնետիկան և հաշվողական տեխնիկան՝ որպես գիտության և տեխնիկայի նոր ուղղություն։
Այդ տեսակետից Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն և Մինիստրների խորհուրդը, վերլուծելով հանրապետության գիտության և արդյունաբերության վիճակը, նրանց զարգացման հեռանկարները և հաշվի առնելով հանրապետությունում աշխատուժի առկայությունը, 1956 թ․ դիմեցին ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեին և Մինիստտրների խորհրդին թույլատրել Հայաստանում զարգացնել գիտության և արդյունաբերության այնպիսի ուղղղություններ, որոնք կապահովեն բնակչության աշխատանքային զբաղվածությունը և կծախսեն չափավոր քանակի էլեկտրաէներգիա։
ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն և Մինիստրների խորհուրդը, ընդունելով այդ առաջարկությունը , 1956 թվականի հունիսի 29–ին կայացրեցին N897 համատեղ որոշումը։ “Об организации в Армянской ССР научно-исследовательских институтов, конструкторских бюро и приборостроительных заводов Министерства приборостроения и средств автоматизации”.
Այդ որոշման մեջ մասնավորապես ասված է․
“Принять предложение ЦК КП Армении, Совета Министров АрмССР и Министерства приборостроения и средств автоматизации об организации в 1956 году в АРМ ССР:
а) Научно-исследовательского института математических машин в городе Ереване,
б) Научного-исследовательского института автоматизации в городе Кировакане.”
Այդ որոշման կատարման համար ԽՍՀՄ սարքաշինության և ավտոմատացման միջոցների նախարարության կողմից 1956թ․ հուլիսի 14–ին տրվեց 129 հրամանը՝ Երևան քաղաքում մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ կազմակերպելու մասին։
Ինստիտուտի ստեղծման համար մեծ նախաձեռնություններ հանդես բերեցին (Անաստաս Իվանի Միկոյանի աջակցությամբ) Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն (քարտուղարներ Ս․ Թովմասյան, Յա. Զարոբյան), Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահությունը, Ակադեմիայի պրեզիդենտ ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, ակադեմիկոսներ Սերգեյ Մերգելյանը, Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանը, Արտաշես Լիպարիտի Շահինյանը։
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի առաջին տնօրեն նշանակվեց երիտասարդ, հռչակավոր գիտնական, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մերգելյանը։
Հարկ է նշել, որ Ս․Մերգելյանը դժվարությամբ համաձայնվել դառնալ այդ ինստիտուտի տնօրեն, պատճառաբանելով, որ նա ցանկանում է մնալ Մոսկվայում և զբաղվել “մաքուր” մաթեմատիկայով։ Ահա թե ինչ է պատմում այդ մասին Յա․ Զարոբյանը, որ այդ ժամանակ ՀԿԿ կոնտկոմի արդյունաբերական գծով քարտուղարն էր․ “ Մոսկվայի հյուրանոցներից մեկում հրավիրեցին Ս, Մերգելյանին, որպեսզի նրան առաջարկեմ նորաստեղծ ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ նա հյուրանոց եկավ իր ապագա կնոջ՝ շատ բարետես աղջկա հետ։ Նա չէր ուզում համոզվել, պատճառաբանելով, որ ցանկանում է մնալ և աշխատել Մոսկվայում։ Զրույցը հասավ նրան, որ նրան կատակով առաջարկեցի շախմատ խաղալ, եթե հաղթի թող մնա Մոսկվայում, իսկ եթե պարտվի՝ համաձայնվի դառնալ տնօրեն։ Ես կարողացա նրան հաղթել։ Նա համաձայնվեց․․․”