Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

ԽՍՀՄ պատվերները

1950-ականների վերջին ամերիկյան IBM կորպորացիան բացեց հետազոտական կենտրոն՝ դրան տրամադրելով տիեզերական բյուջե՝ 5 միլիարդ դոլար: 1964 թվականին հայտարարվեց IBM System/360 ընտանիքի համակարգիչների գործարկման մասին։

ԽՍՀՄ-ը չէր կարող չարձագանքել ամերիկացիների նախաձեռնությանը. ԱՄՆ-ից հետ մնալը սպառնում էր անհաղթահարելի դառնալ, քանի որ նոր ստանդարտների տարածումը կարող էր ապահովել հաշվիչ մեքենաների նախկինում անհավանական մեծածավալ արտադրություն: 1966 թվականին 8-րդ հնգամյա պլանը ներառում էր «Ռյադ» փորձարարական կոնստրուկտորային նախագծի մշակում՝մի շարք ԷՀՄ-ների, որոնք նախատեսված էին տարբեր ուժի եւ բարդության առաջադրանքների համար՝ միաժամանակ բաղկացած լինելով ստանդարտ տարրերից:

Նախագծի ղեկավարներն երկու ուղի ունեին՝ զրոյից սկսել բնօրինակ մեքենաների մշակումը կամ կրկնօրինակել արդեն պատրաստի, առաջին հերթին՝ ամերիկյան լուծումները: Կլոնավորման գաղափարը վրդովմունք առաջացրեց ԷՀՄ գրեթե բոլոր հայտնի կոնստրուկտորների մոտ: Այնուամենայնիվ, ռադիոարդյունաբերության նախարարությունը որոշել էր «Ռյադ» ընտանիքի համար հիմք ընդունել հենց IBM System/360-ի ճարտարապետությունը:

Նախագծի առաջին պատվերը Հայաստանը ստացավ 1968 թվականին. ռադիոարդյունաբերության նախարարությունը հանձնարարեց ԵրՄՄԳՀԻ-ին ԵՍ (Единая система)-1030 միջին մեքենայի մշակումը։ Ինստիտուտի ապագա տնօրեն Միհրան Սեմերջյանի գլխավորությամբ աշխատող նախագծային խումբը IBM System/360-ի օրինակով պետք է ստեղծեր նոր ԷՀՄ, որի բնօրինակը, իհարկե, հասանելի չէր:

Ռադիկ Անանյան՝ 1950-1980թթ. ԵրՄՄԳՀԻ-ի աշխատակից

Երբ ԽՍՀՄ-ում լույս տեսավ «IBM-360» գիրքը, այն անմիջապես սպառվեց Հայաստանում: Սակայն այն լիարժեք չէր՝ որոշ գլուխներ գաղտնիք մնացին: Այսինքն՝ գրքում ներկայացված փաստաթղթերով անհնար էր մեքենա սարքել. ստիպված էինք ինքներս գլուխ հանել: Մեր տղաները շատ փոփոխություններ արեցին, ընդ որում՝  դեպի լավը, քանի որ փորձում էին գերազանցել նախատիպը:

ԵՍ-1030-ի՝ միասնական համակարգի առաջին մեքենաներից մեկի սխեման պատրաստ էր 1972 թվականին, իսկ 1973-ին Կազանի ԷՀՄ-ների գործարանում սկսվեց նոր ԷՀՄ-ի արտադրությունը, որը 5 տարի պահանջեց: Ճիշտ է, արտադրողները այդքան էլ գոհ չէին՝ մեքենան դժվար էր հավաքվում եւ այնքան էլ հուսալի չէր շահագործման մեջ։

Չնայած խնդիրներին, արտադրվեց 436 ԵՍ-1030 մեքենա, եւ Երեւանի կոնստրուկտորների կողմից ձեռք բերված փորձը օգտակար էր նոր նախագծերի,  առաջին հերթին՝ ԵՍ-1045 համալիրի ստեղծման վրա աշխատելու համար: Բացի այդ, արդեն 1970-ականների սկզբին ԵրՄՄԳՀԻ-ին հաջողվեց կապեր հաստատել այլ ինստիտուտների հետ, որոնք զբաղվում էին ԵՍ-ների նոր մոդելների եւ նրանց համար առանձին հանգույցների մշակմամբ:

1972 թ-ից սկսած ԵրՄՄԳՀԻ-ի Միասնական համակարգի մեքենաների զարգացման նախագծերը ղեկավարում էր «Մարշրուտ-1» հաշվիչ համալիրի գլխավոր կոնստրուկտոր Արման Քուչուկյանը, ով մեկ տարի առաջ ավարտել էր այդ նախագիծը: Համալիրը, որը բաղկացած էր երեք «Հրազդան-3» ԷՀՄ-ներից, սկզբում սպասարկում էր Կիեւի երկաթուղային կայարանը, իսկ 1974 թվականից՝ ամբողջ մոսկովյան երկաթուղային հանգույցը՝ 580 ավտոմատացված տոմսարկղեր: Այն դարձավ ամրագրման եւ տոմսերի գնման ավտոմատացված առաջին համակարգերից մեկը, երկու անգամ ցուցադրվեց Ժողտնտեսության նվաճումների մոսկովյան ցուցահանդեսում եւ պաշտպանված էր հեղինակային իրավունքի մեկ տասնյակ վկայագրերով:

1979 թ-ին Կազանի գործարանում սկսվեց Արման Քուչուկյանի խմբի կողմից մշակված նոր մեքենայի արտադրությունը: Միասնական համակարգի ԷՀՄ-ների երկրորդ սերնդին պատկանող ԵՍ-1045-ը Միասնական շարքի գլխավոր կոնստրուկտոր Վիկտոր Պրժիյալկովսկին անվանել էր գլոբալ նախագծի բոլոր մոդելների մեջ «արդյունավետության առումով առավել բալանսավորվածը»:


 

1982-ին արդեն ակադեմիկոս դարձած Արման Քուչուկյանի թիմը ԵՍ-1045-ի հիման վրա ստեղծեց ընդլայնված գործառույթներով տոմսերի վաճառքի ավտոմատացված նոր համակարգ: Մեքենաների համալիրները տեղադրվեցին ոչ միայն Մոսկվայում, այլեւ ԽՍՀՄ խոշոր երկաթուղային այլ հանգույցներում: Ռուսաստանում «Էքսպրես-2» կոչվող համակարգը գործեց մինչեւ 2005 թվականը:

1984 թ-ին ԵրՄՄԳՀԻ-ն ներկայացրեց Միասնական համակարգի երրորդ սերնդի մեքենան: ԵՍ-1046-ը կատարում էր մինչեւ 1300 գործողություն վայրկյանում, այն տրամադրվում էր հետազոտական ինստիտուտների եւ համալսարանների հաշվողական կենտրոններին, ինչպես նաեւ որոշ նախարարություններին եւ գերատեսչություններին:

1972-1988թթ. արտադրվեց 1836 ԵՍ-1045: ԵՍ-1046-ի արտադրությունը շարունակվեց մինչ 1992 թվականը, այսինքն՝  նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո. 8 տարվա ընթացքում պատվիրատուներին առաքվեց 800 այդպիսի ԷՀՄ:

1960 թվականների սկզբից Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը ակտիվորեն մասնակցում էր զինվորականների համար ավտոմատացման համակարգերի մշակմանը: Հետազոտական ինստիտուտի աշխատանքի այս մասի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները քիչ են. որոշ նյութեր դեռ գաղտնի են, ուստի վիրտուալ ցուցահանդեսի այս հատվածը գրեթե ամբողջությամբ հիմնված է մի քանի հատուկ նախագծերի մասնակիցների հիշողությունների վրա:

1963-ին «Մերգելյանի ինստիտուտի» ղեկավարումը ստանձնեց Ֆադեյ Սարգսյանը. ավելի վաղ նա աշխատել էր ԽՍՀՄ ՊՆ հրթիռահրետանային վարչության գիտատեխնիկական կոմիտեում: Իր հետ նա ԵրՄՄԳՀԻ բերեց ռազմական պատվերները, եւ ինստիտուտի լավագույն կոնստրուկտորները փոխեցին իրենց աշխատանքի ուղղությունը դեպի այդ ոլորտ:

Էդուարդ Ղազարյան՝ 1950-1980թթ. ԵրՄՄԳՀԻ-ի աշխատակից

Զինված ուժերի համար աշխատելը մեծ գումարներ բերեց, որոնք օգտագործվեցին ինստիտուտի աշխատակիցների համար բնակելի շենքեր կառուցելու նպատակով: 1967 թվականին Մոսկվայի Ավտոմատացված սարքավորումների հետազոտական ինստիտուտի հետ միասին սկսեցինք զբաղվել Ռազմաօդային ուժերի ավտոմատացման աշխատանքներով: Հիմնվելով ամերիկյան ARPANET պրոտոկոլի վրա՝  կառուցում էինք հաշվիչ մեքենաների համակարգ, որը պետք է միավորեր Գլխավոր շտաբը, Ռազմաօդային եւ Ռազմածովային ուժերը: Խնդիրը հետեւյալն էր. եթե Մոսկվայից ստանում ենք ավիահարվածի հրաման, ապա ամենահեռավոր օդային գնդին այն պետք է հասներ 10 վայրկյանում:

1970-ականների սկզբին Ռազմաօդային ուժերի հետ համագործակցությամբ ձեւավորվեց ավելի նեղ ուղղություն՝ ռազմավարական ավիացիայի կառավարման ավտոմատացում: 1973-1975թթ. ԵրՄՄԳՀԻ-ում ստեղծվեց մասնագիտացված հաշվիչ համալիր (ՄՀՀ): Նոր մեքենայի մշակման աշխատանքներն իրականացվում էին գաղտնի ռեժիմով:

Ռաֆայել Սարգսյան՝ 1970-1980թթ. ԵրՄՄԳՀԻ-ի աշխատակից

Նրանք, ովքեր աշխատում էին ռազմական պատվերի վրա, առանձնացել էին՝ կազմելով խոշոր ստորաբաժանում, որը հատուկ գաղտնիություն էր պահանջում: Յուրաքանչյուրն ուներ աշխատանքի իր փոքրիկ մասը, եւ շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչ արդյունք կտա աշխատանքն ընդհանուր առմամբ: Ես զբաղվում էի տեղեկատվության արտացոլման սարքերով եւ համակարգերով:

Հետո պարզվեց, որ երկու հարկ ներքեւ գտնվող հարեւան բաժանմունքում ընկերներս սարքում էին մասնագիտացված ԷՀՄ-ներ:

Համլետ Հարությունյան, ՄՀՀ-ի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ

Առանձին ՄՀՀ մեքենայի ճարտարապետությունը հիշեցնում էր IBM System/360-ը, սակայն չէր կրկնօրինակում այն: Այսօրվա մեքենաների ճարտարապետությունը մոտավորապես նույնն է՝ պրոցեսոր, օպերատիվ եւ արտաքին հիշողություն, արտաքին սարքերի հետ կապի պարագաներ: Բայց բոլոր սարքերի պրոցեսորները մեր սեփական մշակումներն էին:

Էդուարդ Ղազարյան՝ 1950-1980թթ. ԵրՄՄԳՀԻ-ի աշխատակից

Մեր բաժանմունքի առաջադրանքներից մեկը արտացոլման համակարգի մշակումն էր: Պատկերացրեք երկու մեծ ցուցատախտակ՝ մեկը՝ հրամանների համար,  մյուսը՝ տվյալների, օրինակ՝ ինքնաթիռների քանակի: Անհրաժեշտ էր մտածել, թե կոնկրետ ինչ եւ ինչպես դրանք պետք է ցույց տան, ինչպես պետք է թարմացվի տեղեկատվությունը: Բացի այդ, մենք պետք է մտածեինք օպերատորների աշխատանքի մասին կառավարման կետում, ինչպես նաեւ՝ համալիրի միասնականացված եւ տեղեկատվական աշխատատեղերում: Այսինքն՝ որոշել, թե սպաները ինչ կտեսնեն էկրաններին, ինչ ստեղներ կունենան իրենց տրամադրության տակ եւ այլն:

1980-ականներին ՄՀՀ-ն փոխարինելու համար ԵրՄՄԳՀԻ ինժեներները մշակեցին նոր, ավելի առաջադեմ հաշվիչ մեքենա: Այն կոչվեց «Սեւան», անցավ փորձարկումը, 1987 թվականին գործի դրվեց եւ մատակարարվեց ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը:

Համլետ Հարությունյան, ՄՀՀ-ի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ

Ճարտարապետությունը ճկուն էր, դա արդեն երկու առանձին մեքենաներ չէին, ինչպես ՄՀՀ-ն. կար պրոցեսորի, օպերատիվ հիշողության, արտաքին սարքերի ընդհանուր դաշտ: Ծրագիրը կարող էր մուտքագրել երկմեքենայական հաշվիչ համալիր՝ բազմապրոցեսորային հիմքի վրա: Օրինակ՝ երկու մեքենաներն ունեին վեց պրոցեսոր, երկուսն էլ՝ երեքական, կամ մեկը՝ երկու, մյուսը՝ չորս, կամ մեկը՝ մեկ, իսկ մյուսը՝ հինգ. ծրագրային կառավարման վրա հիմնված ճարտարապետության մեջ դա նշանակություն չուներ։ Երկմեքենայական հաշվիչ համալիրը կարող էր գործել կրկնօրինակման ռեժիմում ՝ համեմատելով յուրաքանչյուր մեքենայի կողմից ստացված արդյունքները: Բայց եթե ծանրաբեռնվածությունը մեծանում էր, համակարգը ժամանակավորապես անցնում էր նոր, բազմապրոցեսորային ռեժիմի՝ երկու անգամ ավելացնելով արդյունավետությունը:

1980-ականների երկրորդ կեսին ԵրՄՄԳՀԻ-ն զբաղվում էր նաեւ տեղափոխվող սարքերի համար նախատեսված միկրո ԷՀՄ-ներով՝ նույնպես ռազմական պատվերով: Այն ժամանակ ինստիտուտում քաղաքացիական պատվերներ գրեթե չկային. պաշտպանության նախարարությունը գրեթե ամբողջությամբ ծանրաբեռնել էր ինստիտուտն իր պատվերներով: Առավել ընդունակ աշխատողները կենտրոնացած էին ռազմաօդային ուժերի նախագծերի վրա, իսկ բոլոր խոստումնալից մշակումները, օրինակ՝ անհատական համակարգիչների հնարավոր ստեղծումը, փոխանցվեցին ԽՍՀՄ այլ հանրապետությունների գիտահետազոտական ինստիտուտներին:

https://itel.am/am/news/12961