Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Առաջին մասնագետները

Ինստիտուտի կազմակերպման առաջին իսկ օրվանից բացակայում էին հաշվողական տեխնիկայի ուղղությամբ տեղական մասնագետները։ Այդ ուղղության մասնագետները շատ քիչ էին հենց ամբողջ երկրի մասշտաբով։

Մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտրոնիկայի և այլ ճշգրիտ գիտությունների բազայի վրա ինստիտուտում ծնունդ առած հաշվողական տեխնիկայի անդրանիկ մասնագետները դարձան ֆիզիկոսները, մաթեմատիկոսները, մեխանիկները, էլեկտրատեխնիկները, կոնստրուկտորները, որոնց լրացուցիչ կարիքն առանց այն էլ զգացվում էր իրենց դասական բնագավառներում։ 

Միաժամանակ ինստիտուտի տնօրենի հրամաններով սկսվեց արտադրամասերի համալրումը համապատասխան աշխատակիցներով։

Տարբեր քաղաքներից (Մոսկվա, Պենզա, Ռոստով և այլն) հրավիրվեցին երիտասարդ մասնագետներ, որոնցից հաշվողական տեխնիկայի ուղղությամբ միայն մի քանիսն ունեին որոշակի նվազագույն գիտելիքներ։

Առաջադրված խնդիրները լուծելու համար եղած կադրերը շատ քիչ էին, չկային այդ նոր ուղղության համապատասխան նույնիսկ միջին որակավորում ունեցող մասնագետներ։

Անհրաժեշտ էր ձեռնարկել արտակարգ միջոցներ ինստիտուտը համապատասխան կադրերով համալրելու համար։

Ինստիտուտի ղեկավարության նախաձեռնությամբ` արագ կերպով կազմակերպվեց նոր ընդունված երիտասարդ կադրերի գործուղումը Մոսկվայի «Համամիութենական էլեկտրամեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտ», Պենզայի «Մոսկվայի СКБ-245-ի մասնաճյուղ», որը ներկայումս կոչվում է «Պենզայի պետական գիտաարտադրական «Рубин» ձեռնարկություն» և այլ համապատասխան կազմակերպություններ՝ նրանց որակավորման համար։

Այնուհետև, կազմակերպվեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկակամաթեմատիկական ֆակուլտետի և պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի հարակից ֆակուլտետների 1957-1959թթ․ շրջանավարտների վերաորակավորումը Մոսկվայում, Լենինգրադում և Միության այլ քաղաքներում՝ մաթեմատիկական մեքենաներ ստեղծելու որոշակի գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։

Շրջանավարտները երկու տարով վերաորակավորման ուղարկվեցին Մոսկվայի «Համամիութենական էլեկտրամեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտ», որի գլխավոր տնօրենն էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը, Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ որպես ամբիոնի վարիչ աշխատում էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կամո Դեմիրճյանը և այլ գիտահետազոտական ինստիտուտներ։

Վերաորակավորված մասնագետները, երկարատև աշխատանքի շնորհիվ, հետագայում դարձան ճանաչված գիտնականներ, գլխավոր կոնստրուկտորներ, ստորաբաժանումների ղեկավարներ և առաջատար մասնագետներ։

Ինստիտուտի համար համապատասխան կադրեր պատրաստելու նպատակով՝ 1960-ական թվականների սկզբներին Երևանի պետական համալսարանում և պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծվեցին առանձին ֆակուլտետներ և ամբիոններ, որոնց շրջանավարտները հետագայում, հիմնականում, աշխատեցին ինստիտուտում։