«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսը, որը DataArt տեղեկատվական տեխնոլոգիաների թանգարանի մի մասն է, պատմում է հայ էլեկտրոնային ինժեներների եւ XX դարի երկրորդ կեսին նրանց կողմից ստեղծված հաշվիչ տեխնիկայի մասին:
1960-ականներին ուրվագծվեցին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳԻ) գործունեության հիմնական ուղղությունները. միջին եւ փոքր ԷՀՄ-ներ, մեքենայական համալիրներ եւ ավտոմատացված համակարգեր՝ հիմնականում՝ հատուկ, ռազմական նպատակների համար: Եղան նաեւ քաղաքացիական նախագծեր. օրինակ՝ 1950-1960 թվականների սկզբին ինստիտուտը մշակեց «Մարդահամար» ԷՀՄ-ը, որը նախատեսված էր 1959թ. ԽՍՀՄ մարդահամարի տվյալների մշակման համար: Հայաստանում ստեղծված փոքր մեքենաների շարքում առանձնահատուկ տեղ ունեին Խորհրդային Միության տարածքում ամենատարածված «Նաիրի» ընտանիքի չորս սերունդները:
Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից
1961 թվականին, երբ ավարտվեց «Հրազդան»-ի գործարկումը, ինձ վստահեցին փոքր մեքենաների լաբորատորիան եւ նշանակեցին գլխավոր կոնստրուկտոր: Նախ ռադիոարդյունաբերության նախարարությունից ստացանք հրահանգ մշակել էլեկտրոնային արիֆմոմետր (հաշվեմեքենա), որը կկարողանա փոխարինել մեծ մեխանիկականը: Քանի որ ես արդեն ծանոթ էի անգլիացի գիտնական Մորիս Ուիլկսի գաղափարներին, միանգամից որոշեցի. սարքելու եմ միկրոծրագրային կառավարմամբ նորմալ մեքենա։
1962 թ-ին Մոսկվայում հաշվիչ տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացվեց ֆրանսիական փոքր CAB 500 հաջորդական գործողության մեքենան։ Դրա հիշողության համար օգտագործվել էր գերժամանակակից, սակայն բարդ եւ մեծածավալ մագնիսական թմբկագլան: Խորհրդային ռադիոարդյունաբերության նախարարությունը ձեռք էր բերել մեքենան, իսկ ԵրՄՄԳՀԻ-ին հանձնարարել էին կրկնօրինակել այն:
Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից
Մեր տեխնոլոգիաները սկզբունքորեն թույլ չէին տալիս դա անել, եւ իմ գաղափարն էլ բոլորովին այլ էր: Ես ուզում էի կառուցել միկրոծրագրավորման կառավարմամբ զուգահեռ գործողության մեքենա:
«Նաիրի»-ին զուգահեռ մշակվում էին եւս երկու մեքենաներ՝ «Մասիս -1»-ը եւ «Մաշտոց»-ը:
«Մասիս -1»-ը կիսահաղորդչային տարրերի հիման վրա կառուցված քիմիական եւ մետաղագործական ձեռնարկությունների համար կառավարիչ ԷՀՄ էր՝ արդեն տպագիր մոնտաժի եւ միասնականացված հանգույցների գերակշռությամբ: 1965 թվականին Երեւանում ռադիոարդյունաբերության նախարարությունը թողարկել էր մեքենայի համառոտ տեխնիկական նկարագիրը:
«Մաշտոց» ԷՀՄ-ը, որը նույնպես մշակվել էր ԵրՄՄԳՀԻ-ում, դարձել էր օպտիկական տեքստի ճանաչման գործառույթով ԽՍՀՄ առաջին մեքենան: Այն արտադրություն չէր մտել, սակայն երկու փորձնական օրինակ մատակարարվել էր ՊԱԿ-ի ստորաբաժանումներին՝ մեկը՝ Մոսկվայում, երկրորդը՝ Երեւանում: «Մաշտոց» ԷՀՄ-ի վրա աշխատելու ընթացքում նախագծի ղեկավար Էմիլ Հովհաննիսյանը պաշտպանեց թեկնածուական թեզ, իսկ 1964 թվականի դեկտեմբերի 24-ին Ավստրալիայի մտավոր սեփականության գործակալության կողմից ստացավ թիվ AU282771B2 արտոնագիրը «Տպագրական բնույթի հայտնաբերման մեթոդ» աշխատանքի համար: Բաց աղբյուրներում այս մեքենայի մասին այլ տեղեկություններ չկան, այդ մասին մեզ պատմել է նախագծի գլխավոր կոնստրուկտոր Էմիլ Հովհաննիսյանի որդին՝ Սարգիսը:
Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից
Մշակումը սկսեցինք 1961 թվականին եւ 1964 թվականին կարողացանք ներկայացնել «Նաիրի-1»-ը` ինքնատիպ կառուցվածքով փոքր մեքենան: Այն արտոնագրվել էր չորս երկրներում ՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում:
Ռադիոարդյունաբերության նախարարությունը սկզբում հավանություն չէր տվել նախատեսված կլոնի փոխարեն հիմնովին նոր ԷՀՄ-ի նախագծին, եւ Հրաչյա Հովսեփյանի խումբը դրանով զբաղվում էր գաղտնի: Այնուամենայնիվ, երբ մեքենան գրեթե պատրաստ էր, մշակումը ցույց տվեցին պաշտոնյաներին, որոնք թույլ տվեցին, որ այն անցնի պետական փորձարկումներ: Պետական հանձնաժողովը «կանաչ լույս» տվեց «Նաիրի»-ի սերիական արտադրությանը: Արդեն 1965-ի հունվարին ընդամենը մեկ շաբաթում Կազանի գործարանում ավարտվեց մեքենայի գործարկումը. «Նաիրի-1»-ի արտադրությունն այնտեղ սկսվեց նույնիսկ ավելի շուտ, քան ԵրՄՄԳՀԻ-ի փորձարկման գործարանում:
1965-1970 թվականներին արտադրվել էր մոտ 500 «Նաիրի-1» ԷՀՄ, ստեղծվել էին մեքենայի տարբեր մոդիֆիկացիաներ` ավելացված օպերատիվ հիշողությամբ, ժապավենային պերֆորատորով, որպես մուտքագրման սարքավորում չեխական Consul-254 գրամեքենայով։ 1966 թվականին Հրաչյա Հովսեփյանը ներկայացրեց «Նաիրի -2»-ի նոր մոդելը՝ ֆերիտային օղակների վրա ավելացված ծավալով հիշողությամբ:
Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից
«Նաիրի-3»-ի հիշողությունը կարող էր պահել մինչեւ 128 հազար հասցե՝ մեծ արագությամբ: Աշխարհում առաջիններից էինք, ով կարողացավ կիրառել մի քանի մեքենայական լեզուների էմուլյացիայի լիարժեք ընդօրինակելու մեթոդներ եւ օգտագործեցինք այլ մեքենաների, օրինակ ՝ «Մինսկ -22»-ի համար ստեղծված ծրագրային ապահովման հարուստ բազան: Հատուկ դրա համար ստեղծվել էր «Նաիրի-3-1» մոդիֆիկացիան:
Ճկուն կառուցվածքը հնարավորություն էր տալիս մեքենայի նոր մոդիֆիկացիաներ ստեղծել՝ համեմատաբար հեշտ հարմարեցնելով այն հատուկ խնդիրներ լուծելու համար: Դրանցից մեկը՝ «Նաիրի-3-2»-ը, ներդրել էր ժամանակի բաշխման համակարգ, որին հնարավոր էր միացնել մինչեւ 128 տելետայփ սարքեր` յուրաքանչյուր օպերատորին ապահովելով մեկ «Նաիրի -2» ԷՀՄ-ին հավասար հաշվողական հնարավորություններ: Մեքենայի պատվիրատուներ պետք է դառնային ուսումնական հաստատությունները եւ խոշոր գործարանները:
Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից
1970-ականների կեսերին մենք բաց թողեցինք լայն սպառողական արտադրության համար «Նաիրի-4» սարքելու տարբերակը: Այսինքն` այդպես էլ չմշակեցինք մեր տեղական անհատական համակարգիչը: Ենթադրվում էր, որ որպես մոդել պետք է ծառայեր հեռուստացույցի իրանի մեջ հավաքված «Նաիրի-4» պրոցեսորը, որի մակետն արդեն պատրաստ էր եւ երկար ժամանակ դրված էր տնօրենի գրասենյակում:
Սակայն Հրաչյա Հովսեփյանը չկարողացավ ավարտին հասցնել նախագիծը. 1976 թվականին, երբ հայ հայրենադարձներին թույլատրվեց մեկնել արտասահման, նրա մայրն ու եղբայրները որոշեցին լքել ԽՍՀՄ-ը: Պաշտպանության ոլորտի համար խոշոր պատվերներ կատարող ինստիտուտում աշխատող հայտնի գիտնականի հարազատներին չէին թույլատրում դուրս գալ երկրից: Հովսեփյանը դժվար որոշում կայացրեց. «իր ցանկությամբ» դիմում գրեց եւ կարիերայի գագաթնակետին հեռացավ ԵրՄՄԳՀԻ-ից: