Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Կիբեռնետիկայի մուսան

«Կիբեռնետիկայի մուսա» 1972թ․,

Կոփածո պղինձ, 188x352x175 սմ,

Պատվանդանի հեղինակ՝  Ե․ Քոչար

Այն աշխարհի ճանաչման և արարման գաղափարին նվիրված հուշարձան է։

Ըստ հեղինակի՝ համատարած տեխնոկրատացման և կոմպյուտերացման դարաշրջանում կիբեռնետիկան կարող է դառնալ այն գաղափարը, այն մուսան, որը կկարողանա համախմբել մարդկանց։ Սա ճանաչողության մուսան է՝ նվիրված մարդկային արարչագործությանը։ Աշխարհի արարումը չի ավարտվել արարման յոթերորդ օրը։ Այն շարունակվում է և հիմա, բայց մեր ձեռքերով։

Մարդու կոչումը աշխարհի արարման աստվածային գործի շարունակումն է։

Քոչարն առաջարկում  է նոր՝ ոգեշունչ արարչության պաշտամունք՝ իր հավերժ կերտվող աստվածուհով։

Գիտնականի աշխատանքային սեղան հիշեցնող պատվանդանի վրա, որը միաժամանակ կարելի է երևակայել և՛ քաղաք, և՛ բնություն, ինչպես վիրահատական սեղանի վրա պառկած է կիբեռնետիկայի ապագա մուսան՝ իր արարման ընթացքում։ Կմախքը դեռևս ամբողջովին չի կազմավորված, մկանների մի մասը դեռ չեն տեղավորված, իսկ հոդերը՝ ամրացված։ Մաշկը ձգված է միայն որոշ մասերում, երևում են ապագա անդրոիդի տեխնիկական մանրամասները։ Ավարտված է միայն մի մասը՝ կնոջ կուրծքը, որը որպես սիրո և մայրության խորհրդանիշ՝ ներշնչում է սեր և վստահություն։ Այդ քնքուշ բարեմասնությունը կերտվող և ժամանակից շուտ արթնացող հզորության, մարդանմանության ու մարդասիրության երաշխիքն է։

Կոմպոզիացիայում տեղադրված փոքրիկ բանալին հուշում է, որ մեր առջև ծածկագրված ստեղծագործություն է, իսկ բանալու տերը՝ նոր իմացության կրող։

Կիբեռնետիկայի մուսան թիկնել է գինու կարաս հիշեցնող սափորին․ հեղինակն այս կերպ ընդգծել է պահի և կատարվող գործողության ծիսական բնույթը։

Քոչարի մտահաղացմամբ՝ քանդակը պետք է խոսեր․ «Ա՜խ, երբ պիտի լույսը բացվի․․․»։ Նա պիտի խնդրեր ամեն մոտեցողին՝ վերակերտել իրեն, մարդկայնացնել։

Կիբեռնետիկայի մուսայի արարման գործընթացը միաժամանակ մարդկության ինքնակերտման և ինքնակատարելագործման գործընթաց է։

Քոչարն անվանեց այն Կիբեռնետիկայի մուսա, որպեսզի ամեն ոք, տեսնելով քանդակը, խորհի գիտության հումանիզացիայի անհրաժեշտության մասին, մտովի երդվի ծառայել միմիայն բարուն, և որպեսզի մեզնից յուրաքանչյուրի հետ կատարվի հասարակ մահկանացուից Արարիչ դառնալու խորհուրդը․․․