1957 թվականին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) ստացավ առաջին խոշոր պատվերը` փոքր ունիվերսալ ԷՀՄ (էլեկտրական հաշվիչ մեքենա) Մ-3՝ արդիականացնելու համար: Մեքենայի երեք նմուշներից մեկը առաքվել էր Երևան, որտեղ շարունակել էր կատարելագործվել մոսկովյան կիբեռնետիկ Նիկոլայ Մատյուխինի մասնակցությամբ: Մասնավորապես, ԷՀՄ-ը հագեցած էր ֆերիտային օղակների հիշողությամբ` 1024 բառի համար, որի շնորհիվ մեքենայի արագությունն աճել էր 30 գ/վ-ից մինչեւ 3000 գ/վ: Արդիականացված մեքենան ծառայեց որպես բուն Հայաստանում մշակված առաջին երկու ԷՀՄ-ների՝«Արագած»-ի և «Հրազդան»-ի նախատիպ:
«Արագածը» էլեկտրական վակուումային լամպերի վրա կառուցված առաջին սերնդի ԷՀՄ է, որը մշակվել էր ԵրՄՄԳՀԻ-ի կողմից 1958–1960 թվականներին: Մեքենայի միջին արագությունը կազմում էր մոտ 8000 գործողություն մեկ վայրկյանում (գումարման ժամանակ այն շատ ավելի բարձր էր, քան բազմապատկման ու բաժանման): Մեքենան զբաղեցնում էր 40 քառակուսի մետր տարածք եւ, բացառությամբ հովացման համակարգի, սպառում էր 30 կՎտ էլեկտրաէներգիա։
Էդուարդ Ղազարյան` «Արագած» ԷՀՄ մշակման մասնակից
«ԵրՄՄԳՀԻ-ում աշխատանքի ընդունվեցի 1957-ի ապրիլին` ինստիտուտի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց: Ինձ ընդունեցին որպես առաջին կարգի տեխնիկ: Այդ ժամանակ մշակվում էր «Արագածը»՝ Հայաստանում առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենան: Ինձ ընդգրկեցին Աբդուլ Կադիրովի խմբում: Նա հոյակապ տղա էր՝ խելացի, տաղանդավոր: Նրանից շատ բան սովորեցի: Աբդուլի հետ միասին մշակում էինք կառավարման սարքը:
Երբ ավարտում էի ուսումնարանը, հաշվիչ մեքենանաերի մասին խոսք անգամ չկար: ԵրՄՄԳՀԻ -ում նույնպես շատ քչերը գիտեին, թե ինչ է դա եւ ինչպես է ստեղծվում: Մի քանի անգամ Մոսկվայից եկել էին տղաներ, որոնցից շատ բան սովորեցինք: Աստիճանաբար սկսեցի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հաշվիչ սարքը»:
Նոր մեքենաներով առաջին հերթին հետաքրքրված էր ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի Սիբիրի մասնաճյուղի հաշվողական կենտրոնը: 1950-ականների վերջին այն գտնվում էր ձեւավորման փուլում: Ինստիտուտի ծրագրավորման բաժնի կազմավորմամբ դեռ Մոսկվայից զբաղվում էր ապագա ակադեմիկոս Անդրեյ Երշովը: «Արագած»-ի եւ «Հրազդան»-ի մշակման աշխատանքներին օգնելու համար նա Երեւան խումբ գործուղեց՝ Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի 22-ամյա շրջանավարտ Անատոլի Մերենկովի գլխավորությամբ: Թեեւ այդ ժամանակ Սերգեյ Մերգելյանը եւ ինքը՝ Երշովն էլ ընդամենը մոտ երեսուն տարեկան էին»:
Առաջին ԷՀՄ-ների մշակման աշխատանքը միշտ չէ, որ հարթ էր ընթանում. փորձի պակասն իրենն ասում էր: Սակայն 1960 թվականին «Արագածի» եւ «Հրազդանի» փորձանմուշներն արդեն պատրաստ էին:
Ռադիկ Անանյան` «Արագած» ԷՀՄ-ի մշակման մասնակից
«Առաջին անգամ ԷՀՄ տեսա միայն այն ժամանակ, երբ ինքներս կառուցեցինք այն: Այն կոչվում էր ի պատիվ մեր լեռան՝ «Արագած»: Այն հսկայական էր, եւ քանի որ լամպերը տաքանում էին, անհրաժեշտ էր հզոր օդափոխություն: Այդ պատճառով բոլորս հաճախակի հիվանդանում էինք: Մեքենայի ճարտարապետությունը մշակվել էր մեր ինստիտուտում: Ես զբաղվում էի տեղեկատվության ներմուծմամբ: Դա արվում էր կինոժապավենի միջոցով, որը լույս տալուց եւ երեւակելուց հետո դառնում էր ամբողջովին անթափանց սեւ: Դրա վրա հատուկ պերֆորատորով անցքեր էինք անում: Ի դեպ, այս կոդի համար պերֆորատորը ես մշակել եւ հավաքել էի էլեկտրամագնիսական ռելեների հիման վրա: Դուրս բերումը արվում էր գրամեքենայի միջոցով: Մեր ինստիտուտում հաշվիչ տեխնիկայի բոլոր ոլորտների մասնագետներ կային, քանի որ ամեն ինչ ստիպված էինք ինքներս անել: Կար, օրինակ, մեքենաների էլեկտրասնուցման բաժին՝ բոլոր անհրաժեշտ լարումներով, քանի որ այդ լամպերը հսկայական էներգիա էին սպառում:
Մեր բաժինը զբաղվում էր «Արագածի» համար անհրաժեշտ արտաքին սարքերով: Մեր հսկայական նվաճումը մեծ խորանարդն էր՝ ֆերիտային օղակների վրա (մեկական օղակ յուրաքանչյուր բիթի համար), որը կարող էր պահպանել 4 կիլոբայթ ինֆորմացիա: Հիշողության համար օգտագործում էինք երկու տեսակի մագնիսական կրիչներ` մագնիսական ժապավեններ եւ մագնիսական թմբկագլան: Հետագայում սկսեցինք կիրառել Պենզայի գործարանի մագնիսական սկավառակները: Սկավառակները շարված էին միմյանց վրա՝ 10–20 կտոր, կախված սարքի կազմաձեւից, եւ դրանց միջեւ գտնվող մագնիսական գլխիկները կարդում եւ գրանցում էին տվյալները»:
Մարկ Գրիգորյան՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն
«Այն ժամանակվա մեքենաները այսօրվա մեքենաներին նման չէին: Դրանք ունեին երկարատեւ հիշողություն մագնիսական ժապավենների վրա, իսկ այն, ինչ այսօր կոչում ենք ՕՀՍ (օպերատիվ հիշող սարք)՝ ֆերիտային շրջանակների վրա էր: Շրջանակները տեղադրվում էին մետրը մետրի վրա, յուրաքանչյուր սանտիմետրի վրա լարերը էին ձգվում `ուղղահայաց եւ հորիզոնական: Այս լարերի յուրաքանչյուր խաչմերուկում կար ֆերիտային օղակ՝ լիցքավորված կամ լիցքաթափված: Դա հայտնի մեկն ու զրոն էին: Այդպիսի մի շրջանակ էր, եւ այդ մեղրաբջիջները մեկ կիլոբայթ հիշողություն էին կրում»:
Էդուարդ Ղազարյան` «Արագած» ԷՀՄ-ի մշակման մասնակից
««Արագածը» հսկայական մեքենա էր: Բարձրությամբ` մի փոքր մարդու հասակից բարձր: Վերեւի հարկում տեղադրված օդորակիչները զբաղեցնում էին նույն տարածությունը: Մոտ 6 հազար էլեկտրոնային լամպեր կային, ահավոր էին տաքանում, պետք էր հովացնել: Նկուղում տեղակայված էին գեներատորներ, որոնք նույնպես շատ տեղ էին զբաղեցնում: Մեկը պետք է տար 6.3 վոլտ փոփոխական լարում՝ լամպերի շիկացման համար: Երկրորդը` մոտ 180 վոլտ՝ այս լամպերի անոդները սնուցելու համար: Երրորդը տալիս էր մի փոքր պակաս լարում՝ տետրոդային ցանցերից մեկի համար:
«Արագածից» հետո բաժնի պետ Բորիս Խայկինը որոշել էր կառուցել նաեւ «Երեւան» փոքր մեքենան՝ ինժեներական հաշվարկների համար: Ինձ տեղափոխեցին կառավարման սարքի մշակման աշխատանքի: Քանի որ ուսումնարանը չէի ավարտել եւ ինժեների կոչում չունեի, ինձ միշտ դասում էին որպես առաջին կարգի տեխնիկ»:
«Արագած»-ի վրա աշխատանքներին զուգահեռ ԵրՄՄԳՀԻ-ը սկսեց ավելի կոմպակտ «Հրազդան» ԷՀՄ-ի մշակումը: Դա երկրորդ սերնդի մեքենա էր, որտեղ հիմնական տարրերն արդեն ոչ թե լամպերն էին, այլ տրանզիստորները:
Հրաչյա Հովսեփյան` «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ների մշակման մասնակից
1958 թվականին ԵրՄՄԳՀԻ -ը սկսեց մշակել «Հրազդան» ԷՀՄ-ն` առաջին կիսահաղորդիչավոր մեքենան: Քանի որ ես հետաքրքրվում էի կիսահաղորդիչներով, շատ էի ցանկանում մասնակցել այդ գործին: Գլխավոր կոնստրուկտոր նշանակվել էր Եֆիմ Բրուսիլովսկին, որն ինձ համակրում էր: Եվ չնայած գլխավոր ինժեներն ասում էր, որ նոր մարդկանց կարիքը չկա, Բրուսիլովսկին հասավ նրան, որ ինձ ընդունեցին իր լաբորատորիա:
Այդ ժամանակ կիսահաղորդիչների մասին տեղեկատվություն չկար: Ինքներս հորինում էինք ամեն ինչ զրոյից: Մերգելյանը գործուղումներից գաղտնի կերպով իր պորտֆելում տրանզիստորներ էր բերում, մենք սկսեցինք աշխատել դրանց վրա եւ առաջ անցանք այլ ինստիտուտներից: Բրյուսիլովսկին ինձ հանձնարարեց տրիգեր սարքել: Ես այդ մասին ոչինչ չգիտեի, կարդացի ֆրանսիական մի գիրք եւ, քանի որ ունեի մի փոքր փորձ օսցիլոգրաֆի, տրանզիստորների, դիմադրության եւ այլնի հետ կապված, դրա հիման վրա սկսեցի մշակման աշխատանքը: Սարքեցի առաջին տրիգերը: Դա դուր եկավ Բրուսիլովսկուն, եւ նա նշանակեց ինձ մեքենայի կառավարման խմբի ղեկավար: Հետո հաշվիչ մշակեցի եւ սկսեցի զբաղվել հետաձգման համակարգով: Ինձ բախտ վիճակվեց պատահաբար գտնել մի սխեմա տրանզիստորի վրա՝ ձեւավորիչ մագնիսական հետադարձ կապի միջաձողով: Այն շատ հաջող էր եւ դարձավ «Հրազդան»-ի, իսկ հետո եւ «Նաիրի» -ի գլխավոր փրկիչը: Ընդհանուր առմամբ, ես մեկ մեքենայի բջիջի վրա երկու ձեւավորիչ էի պատրաստել: Այնուհետեւ` վերծանող, եւ կառավարման սխեման պատրաստ էր: «Հրազդան»-ի մշակման վրա մենք աշխատել ենք 4 տարի՝ մինչեւ 1960 թվականը: Իմ ձեռքի տակով անցել են մշակման բոլոր փուլերը»:
1962 թվականին «Հրազդան -2»-ը ցուցադրվեց ԽՍՀՄ ժողովրդական տնտեսական նվաճումների ցուցահանդեսում որպես երկրորդ (տրանզիստորային) սերնդի առաջին սովետական ԷՀՄ: Այս մեքենայի հիման վրա հետագայում ստեղծվեց ԽՍՀՄ-ում ռազմական նշանակության առաջին շարժական հաշվողական կենտրոնը:
1965 թվականին ԵրՄՄԳՀԻ -ում ստեղծվեց ունիվերսալ «Հրազդան -3» ԷՀՄ-ը, մեկ տարի անց այն մտավ սերիական արտադրություն: Այս մեքենան զբաղեցնում էր 120–160 մ² տարածք եւ կարող էր աշխատել մինչև + 35°С ջերմաստիճանի պայմաններում: Ի տարբերություն «Հրազդան -2»-ի, որտեղ ներմուծման համար օգտագործվում էր ծակոտկենային կինոժապավեն, «Հրազդան -3»-ն աշխատում էր թղթե ծակոտկենային քարտերով: Այս ԷՀՄ-ի արագությունը հասնում էր 20,000-25,000 գործողության մեկ վայրկյանում, օպերատիվ հիշողությունը կազմում էր 32 Կբայթ: «Հրազդան -3»-ը դարձավ երկրորդ սերնդի լավագույն եւ Խորհրդային Միության կողմից արտահանված առաջին մեքենաներից մեկը:
Այս հզոր մոդելի հիման վրա 1967-1977 թվականներին ԵրՄՄԳՀԻ-ը Արման Քուչուկյանի ղեկավարությամբ մշակեց «ՄԱՐՇՐՈՒՏ-1» համալիրը` երկաթուղային տոմսերի վաճառքն ավտոմատացնող համակարգիչը: 1974 թ-ին համակարգի մշակողները ստացան ՀԽՍՀ պետական մրցանակ, իսկ «ՄԱՐՇՐՈՒՏ-1»-ը դեռ երկար ժամանակ օգտագործվում էր Մոսկվայի մի քանի երկաթուղային կայարաններում: Հետագայում այս մշակումը հիմք ծառայեց առաջին սերնդի «Էքսպրես» ԱԿՀ (ավտոմատացված կառավարման համակարգ)-ի համար:
1957 թվականին՝ ԵրՄՄԳՀԻ-ում աշխատելուն զուգահեռ, Սերգեյ Մերգելյանը ստեղծում եւ ղեկավարում է ՀԽՍՀ ԳԱ Երեւանի պետական համալսարանի միացյալ հաշվողական կենտրոնը: Արդեն 1950-ականների վերջին այնտեղ ակտիվորեն զարգանում է մեքենայական թարգմանության նորաձեւ ուղղությունը:
Մարկ Գրիգորյան՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն
1950-ականների վերջին -1960-ականների սկզբին հայրս երիտասարդ բանասեր-ռուսագետ էր, գիտությունների թեկնածու: Նա որոշեց թողնել Պուշկինի լեզվի ուսումնասիրությունը եւ զբաղվել նոր եւ ակտիվ թափ հավաքող կիրառական լեզվաբանությամբ, եւ ոչ թե Մոսկվայում կամ Լենինգրադում, այլ՝ Երեւանում: Հիմնականում այն պատճառով, որ երիտասարդ գիտնական-մաթեմատիկոս, վունդերկինդ Սերգեյ Մերգելյանն այստեղ ակտիվորեն զարգացնում էր հաշվիչ տեխնիկայի ուղղությունը: Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնում ստեղծվել էր մասնագետների խումբ, որոնք զբաղվում էին հայերեն-ռուսերեն թարգմանություններով`ԷՀՄ-ների կիրառմամբ: Առաջնորդները երկուսն էին, մաթեմատիկայի կողմից՝ Թեոդոր Տեր-Միքայելյանը, որին ամբողջ աշխարհը ճանաչում էր պարզապես որպես Թեդա: Նա զբաղվում էր նախագծի ալգորիթմական մասով: Մյուսը հայրս էր՝ Վլադիմիր Գրիգորյանը, նա պատասխանատու էր թարգմանության լեզվաբանական ապահովման համար:
Լավ եմ հիշում նրանց «Գառնի» ԷՀՄ-ը, որը հիշատակվում է մեքենական թարգմանության մասին բոլոր գրքերում: «Գառնի»-ն աշխատում էր լամպերի վրա, այսինքն՝ պատկանում էր առաջին սերնդի ԷՀՄ-ներին, սակայն նախատեսված էր հատուկ մեքենայական թարգմանության համար: Ես տեսել եմ դա 1962 կամ 1963 թվականներին, երբ դեռ շատ փոքր էի: Լամպերը տաքանում էին շատ արագ, ուստի «Գառնիի» հետ միաժամանակ անմիջապես միանում էր օդի հովացման հզոր համակարգը: Այն օդորակիչ անվանել չէր կարելի, այնպես էր աղմկում, կարծես տասնյակ փոշեկուլները միասին: Ես շատ էի վախենում այդ աղմուկից»:
1960-ականների վերջին հայտնվեց «Գառնիի» տրանզիստորային տարբերակը: Մեքենայական թարգմանությունն աշխատում էր հետեւյալ կերպ. գործարկվում էին բառարանով ժապավեններ, այբուբենային թվային տպող սարքի վրա մուտքագրվում էր մի արտահայտություն, ասենք՝ ռուսերեն, մեքենան դիմում էր բառարանին: Նախ արտահայտությունը թարգմանվում էր բառացիորեն, որից հետո բառարանը տալիս էր շարահյուսականորեն ճիշտ հայերեն պատասխան»: